Ես երկու մանկապարտեզ եմ գնացել: Մեկը հայկական էր ու հեռու, լավ չեմ հիշում էդ մեկը: Մենակ էն եմ հիշում, որ Հովոն (եղբայրս) իր ճաշը վերջացնելուց հետո անցնում էր կողքիններին: Հետո տեղափոխվեցինք մեր տան մոտի մանկապարտեզը, որը ռուսական էր: Ճիշտ է՝ հեղափոխեցինք այն (ի տարբերություն մյուս խմբերի, իմ ու եղբորս խմբում հայկական այբուբենն էին սովորեցնում, դաստիարակները ձգտում էին հայերեն խոսել), բայց թերթերում հետևյալ վերնագրով հոդվածներ էին հայտնվում. «Ռաֆայել Իշխանյանի թոռները ռուսական մանկապարտեզ են հաճախում»: Ի՜նչ իմանային այն ժամանակ, որ այդ մանկապարտեզը պարզապես փրկություն էր մեզ համար, քանի որ ուտելու բան չունեինք, գոնե մանկապարտեզում սոված չէինք մնում:
Ես անհետաքրքիր երեխա եմ եղել, բայց մի երկու բան Հովոյից կպատմեմ:
Մի անգամ մի նկար էր նկարել: Դաստիարակը հարցրեց.
- Հովի՛կ ջան, Մասիսն ու Սի՞սն ես նկարել:
- Չէ՛, տատիկիս ծիծիկներն են,- պատասխանել է եղբայրս:
- Իսկ սա ի՞նչ է: Մի՞թե գետ չէ:
- Չէ՛, սա էլ վերմակն է, վերմակի տակից են երևում:
Մի անգամ էլ Հովոն սապոգները դրել էր վառարանի մոտ, որ չորանան: Խոհարարուհին էլ տեսել է, որ հին ու քրքրված սապոգներ են, մտածել է վառելու համար են, գցել է վառարանը: Երբ իմացել է, որ դրանք տեր են ունեցել, և դա Հովոն է (Հովոյին շատ էր սիրում), իր սեփական հսկայական սապոգներն է տվել, որ հագնի:
Էջանիշներ